21/04/2010 17:44
Տնտեսագետ. «ՀՆԱ-ի աճը դրական ազդակներ կհաղորդի ՀՀ տնտեսությանը»
«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով անվանական ՀՆԱ-ի 5.5% աճը, բնականաբար, լավ ցուցանիշ է: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ճգնաժամի բացասական հետևանքները հետզհետե նահանջում են»,- նշել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Կառլեն Խաչատրյանը:
Ըստ նրա, առավելապես դրական է այն, որ աճը պայմանավորված է հիմնականում արդյունաբերական արտադրանքի (10.4%), էլեկտրաէներգիայի արտադրության (9.4%) ծավալների աճով:
Վերլուծաբանը հուսադրող է համարել այն, որ արտահանման ծավալները աճել են 60%, իսկ ներմուծմանը` 20%-ով, ինչը դրականորեն կանդրադառնա վճարային հաշվեկշռի վրա:
«Այսպիսով, կարելի է սպասել, որ ՀՆԱ-ի աճը դրական ազդակներ կհաղորդի ՀՀ տնտեսությանը` դրանով նաև դրական սպասումներ կձևավորվեն: Դա անշուշտ կարագացնի ճգնաժամի հաղթահարումը»,- եզրակացրել է վերլուծաբանը: