21/04/2010 12:03
Գյուղատնտեսության զարգացման տեսլական` ըստ Ս. Ավետիսյանի
Այսօր գյուղատնտեսության խնդիրները քննարկվեցին «Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը:
Քննարկման նպատակն էր գյուղական ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններին ծանոթացնել գյուղատնտեսության զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական գերակա ուղղություններին, քննարկել ՀԿ-ների փորձը և առկա խնդիրներն այդ ոլորտում:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը ներկաներին ծանոթացրեց գյուղատնտեսության զարգացման կառավարության տեսլականին` «Ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ, առևտրային գյուղատնտեսության կազմակերպությունների, կոպերատիվների և շուկայական ենթակառուցվածքների հետ ինտեգրված ընտանեկան գյուղացիական տնտեսությունների զարգացում, բնակչության կայուն պարենային ապահովում և ագրովերամշակող հատվածի գյուղատնտեսական հումքի պահանջի բավարարում»:
Ս. Ավետիսյանն անկյունաքարային նշանակություն ունեցող համարեց նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ապահովումը և գյուղական աղքատության հաղթահարումը:
«Բոլոր խոսակցություններն ավելորդ կլինեն, եթե գյուղում չունենանք այլընտրանքային աշխատատեղերի առկայություն: Չի կարող լինել, որ, ինչպես Ազգային վիճակագրական ծառայությունն է հրապարակել, 504 հզ. մարդ զբաղված լինի գյուղատնտեսության մեջ: Դա իրատեսական չի: Պետք է զարգացնել մյուս ճյուղերը»,- հայտարարեց փոխնախարարը:
Նա մատնանշեց նաև որոշ դրական տեղաշարժեր. ավելանում է բարձր ԱԱՀ ապահովող գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը: Ըստ փոխնախարարի, նախկինում Արարատյան դաշտավայրում միայն ցորեն էր մշակվում, իսկ այժմ սկսել են այգիներ տնկել: Ս. Ավետիսյանը դրական համարեց նաև հումք արտադրողի և վերամշակողի միջև գործընկերային հարաբերությունների առաջացումը, միաժամանակ փաստելով, որ կա որոշակի մրցակցային դաշտի պակաս և պայմանները թելադրում է վերամշակողը: