22/04/2010 12:37
ԱՄՆ կառավարությունը 50 տրակտոր է տրամադրում հայ ֆերմերներին
Ս.թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Դմիտրով համայնքում գտնվող ֆերմեր Հենրիկ Եղիազարյանի այգին մի քանի ժամով լիզինգային պայմանագրերի ստորագրման վայր դարձավ մի շարք ֆերմերների համար, ովքեր հնարավորություն ստացան ձեռք բերել լիզինգի ենթակա 50 տրակտորներից 7-ը: Սա իրականություն դարձավ Ֆարմ Կրեդիտ Արմենիա (ՖԿԱ) վարկային կազմակերպության շնորհիվ, որը հանդիսանում է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի վարկային բաղադրիչի տասը վարկատու կազմակերպություններից մեկը:
Միջոցառումը բացեց ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ով ներկայացրեց, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) և Հազարամյակի մարտահարվեր կորպորացիայի միջոցով օժանդակում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին: Իբրև ԱՄՆ կողմից հատկացվող օժանդակությունից օգտվող ֆերմերի վառ օրինակ նա ներկայացրեց Հենրիկ Եղիազարյանին: Հենրիկը հանդիսանում է ՖԿԱ անդամ և շահառու, ինչպես նաև` ՀՄՀ-Հայաստան ծրագրի ցուցադրական ֆերմեր: Դեսպանը նաև կարևորեց ՖԿԱ-ի` որպես ՀՄՀ-Հայաստանի վարկային բաղադրիչի մասնակից կազմակերպության դերը: ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից ստեղծված այս վարկատու կազմակերպությունը կարևոր դերակատարություն է ձեռք բերել գյուղատնտեսության ֆինանսավորման դաշտում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ՀՄՀ-Հայաստանի միջոցներով` այդպիսով ապահովելով գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կառավարության օժանդակության կայունությունը:
9 այլ ֆինանսական կազմակերպությունների հետ միասին, Ֆարմ Կրեդիտ Արմենիան ընտրվել էր որպես ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկայի բաղադրիչի շրջանակներում տրամադրվող 8.5 միլիոն ԱՄՆ դոլար գումարը բաշխող կազմակերպություն: Վարկերը ուղղվում են ոռոգման տեխնոլոգիաների, ջերմատների, սառնարանային տնտեսությունների, պտղատու այգիների հիմնմանը, վերամշակմանը և ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից խրախուսվող այլ տիպի գործունեության խթանմանը: Սարքավորումների լիզինգը գյուղատնտեսության ֆինանսավորման ևս մի կարևոր ճյուղ է, որը հայ ֆերմերների համար մատչելի է դարձնում ժամանակակից տրակտորների և մեքենաների ձեռքբերումը: ՖԿԱ-ն առաջիններից է, ով Հայաստանում իրականացնում է գյուղատնտեսական մեքենաների լիզինգ և ՀՄՀ-Հայաստանի ֆինանսավորմամբ ներկրել է 50 տրակտոր:
Ընդհանուր առմամբ, 2007-ից առ այսօր ՀՄՀ-Հայաստանը շուրջ 7.3 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է հատկացրել 633 վարկառուի: ԱՄՆ կառավարության ընդհանուր ներդրումը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ՀՄՀ-Հայաստան ծրագրի միջոցով կազմում է շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար, որը կտեղաբաշխվի մինչև 2011թ.-ի սեպտեմբեր: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: