26/04/2010 12:00
ՄԱԿ ՊԳԿ տարածարջանային համաժողովը կկայանա Երևանում մայիսի 11-14-ը
Մայիսի 11-14-ը Երևանում տեղի կունենան ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի տարածարջանային 27-րդ համաժողովը և Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանը:
Ինչպես Aysor-ին հայտնեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցչի օգնականի պաշտոնակատար Գայանե Նասոյանը, տարածարջանային համաժողովը երկու տարին մեկ անգամ է տեղի ունենում: Նախորդը կայացել էր 2008 թ-ին Ավստրիայում:
«Նմանատիպ մեծ միջոցառում Կովկասյան երկրների տարածաշրջանում առաջին անգամ է լինում»,- նշեց Գ. Նասոյանը:
Նա հայտնեց, որ համաժողովին ներկա են լինելու 200 պատվիրակներ, հրավիրված են նաև 54 երկրների գյուղնախարարներ:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի գերակայությունները, ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անելիքները, առաջիկա տարիների առաջնահերթությունները, մայիսի 13-ին նախարարների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան-քննարկում, կլինեն նաև թեմատիկ քննարկումներ` կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումներ, սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները գյուղատնտեսության վրա և այլն: