26/04/2010 09:51
Ուրուգվայի «Արմենիա» հրապարակում տեղադրվել է հայկական խաչքար
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ Մոնտեվիդեոյում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Ուրուգվայի մայրաքաղաքի «Արմենիա» անունը կրող հրապարակում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:
Երկրի նախագահը հրապարակ է ժամանել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արք. Գլնջյանի կողմից խաչքարի օծման ժամանակ և մոտ 25 րոպե մասնակցել է արարողությանը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարար Րիկարդո Էլրիխը և Սպորտի ու զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը: Ընթերցվել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արգենտինայում և համատեղության կարգով` Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղերձները խաչքարի բացման կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում խաչքարի տեղադրումը ձեռնարկել են Ուրուգվայի ՀԲԸՄ-ի ու ՍԴՀԿ-ի տեղական կառույցները, Հայ ազգային կենտրոնը և «Արմենիա» հրապարակի հանձնախումբը: Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանը, բարերարը` ուրուգվահայ Կարլոս Կեցոյանը: