27/04/2010 18:16
«Սումգայիթ, փետրվար, 1988»` «Ոչ թե դատողություններ, այլ` փաստեր»
«Այս ֆիլմն առանձնակի նշանակություն ունի, քանի որ նրանում ներգրավվել են փաստագրական նյութեր Սումգայիթի ջարդերի վերաբերյալ, որոնք մինչ այսօր որևէ տեղ չեն հրապարակվել, նյութեր որոնք ևս մեկ անգամ փաստում ու ապացուցում են Ադրբեջանի ղեկավարության դերը և պետական մոտեցումը 20-րդ դարի վերջին իրականացված առաջին խոշոր էթնիկական զտման կամ եղեռնի` Սումգայիթի ջարդերի իրականացման գործում»,- հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը «Սովորական ցեղասպանություն» շարքի «Սումգայիթ. փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:
Տեղեկացնենք, որ «Սումգայիթ, փետրվար, 1988» ֆիլմը «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի երկրորդ արտադրանքն է: «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարը նկարահանվում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, մտահղացման և սցենարի հեղինակն է լրագրող Մարինա Գրիգորյանը:
Ա. Սաղաթելյանի տեղեկացմամբ` «Սումգայիթ, փետրվար, 1988» ֆիլմը, ինչպես և նախորդը` «Բաքու, հունվար, 1990», թողարկվելու է 4 լեզուներով` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն: Արդեն պատրաստ են ֆիլմի հայերեն և ռուսերեն տարբերակները:
«Ֆիլմը տրամադրվելու է բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն ներկայացնելու ՀՀ և հայության դիրքորոշումը տարբեր միջազգային ատյաններում, ինչպես նաև` հեռուստաընկերություններին և բոլոր շահագրգիռ անձանց, բացի այդ` ֆիլմերը տեղադրվելու է համացանցում»,- հայտնեց Ա. Սաղաթելյանը, ով ընդգծեց. «Այս ֆիլմի արտադրությամբ մենք վերջնական պատասխան ենք տալիս և որևէ քննարկման տեղ չենք թողնում, թե ի՞նչ է Սումյգաիթը, ու՞մ կողմից է այն կազմակերպվել, որքա՞ն զոհեր են եղել և արդյոք այն վերահսկվու՞մ էր Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից, թե՞ ոչ»:
Ա. Սաղաթելյանը հայտնեց նաև, որ ֆիլմի ստեղծման համար տարբեր եղանակներով ձեռք են բերվել արխիվային նյութեր, այդ թվում ` ՀՀ սահմաններից դուրս: Որոշ աղբյուրների ինքնությունը գաղտնի է պահվում` նրանց կյանքը և կարիերան չվտանգելու համար, բացի այդ` ֆիլմում օգտագործվել են ձեռքբերված փաստերի միայն մի մասը:
«Այս տարվա վերջին մենք կունենանք Ադրբեջանի կողմից 20-րդ դարի վերջում իրականացված ջարդերի, էթնիկական զտումների, ցեղասպանության վերաբերյալ 5 փաստագրական ֆիլմ»,- հայտնեց Ա. Սաղաթելյանն, ով տեղեկացրեց, որ կենտրոնը նախատեսում է մինչև տարեվերջ թողարկել նաև Մարաղայի, Խոջալուի և «Օղակ» օպերացիայի մասին փաստագրական ֆիլմեր, ու ընդգծեց. «Այս ֆիլմերը տարբերվում են մեր հակառակորդի կողմից ներկայացվող ֆիլմերից նրանով, որ այստեղ ոչ թե դատողություններ են, այլ` փաստեր»:
Ա. Սաղաթելյանը ֆիլմի ստեղծման և համապատասխան նյութերի ու փաստերի ձեռքբերման գործում բարձր գնահատեց ֆիլմի հեղինակ Մարինա Գրիգորյանի, ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի և ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօերն Հայկ Դեմոյանի աշխատանքը: