27/04/2010 18:38
«Ովքեր հորինում են այս ամենը, տեղյակ են, որ սուտ են տարածում»
«Բազմակի կրկնվող տեղեկությունը` անկախ նրանից, այն ճիշտ է, թե սուտ, անցնում է իմացության մակարդակի, ըստ այդմ` հնարավոր է, որ Ադրբեջանի հասարակության լայն խավերը հավատում են նրան, ինչ իրենց մատուցվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից»,- կարծում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի` ադրբեջանական մոտեցումներին:
Միևնույն ժամանակ Ա. Սաղաթելյանը վստահ է, որ «նրանք, ովքեր հորինում են այս ամենը, տեղյակ են, որ սուտ են տարածում»: Նա նշեց, որ դա ոչ միայն իր դիտողությունն է, այլև բխում է իրենց ձեռքի տակ գտնվող փաստերից:
Ա. Սաղաթելյանն այս առիթով հիշեցրեց, որ ամիսներ առաջ իրենք կատարել են ուսումնասիրություններ, բացի այդ` ստեղծվել է մի կայք, որտեղ ցույց են տալիս ադրբեջանցիների կողմից իրականացված և շրջանառվող կեղծիքները: Նա նշեց, որ թե´ Սումգայիթի, թե´ Բաքվի, և թե´ Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կողմը միֆեր է հորինում:
«Իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Խոջալուի ուղղությամբ` Ստեփանակերտի շրջափակման ճեղքման պահին և իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Աղդամի մատույցներում, քաղաքական և բարոյական պատասխանատվությունը, միանշանակ, Ադրբեջանի քաղաքական ղեկավարներինն է` թե´ այն ժամանակվա, և թե´ այսօրվա, ինչը փաստվում է ոչ միայն այն ժամանակվա տպագիր մամուլում լույս տեսած հրապարակումների միջոցով, այլև տեսանյութերում, որոնք մենք ունենք, ինչպես նաև` խոստովանական հարցազրույցներում, որոնք տրվել են Ադրբեջանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարության կողմից»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ա. Սաղաթելյանը: