27/04/2010 19:47
Մ. Գրիգորյան. «Ֆիլմի նպատակն է պատմել ճշմարտությունը»
«Ֆիլմի նպատակն է պատմել ճշմարտությունը Սումգաիթի մասին և ներկայացնել այն, ինչ եղել է»,- հայտնեց «Սումգաիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի հեղինակ Մարինա Գրիգորյանը` ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:
Մ. Գրիգորյանի խոսքերով, անգամ Հայաստանում մինչ օրս շատերը չգիտեն, թե ինչ է իրականում կատարվել Սումգաիթում 1988 թ-ի փետրվարին: Մինչդեռ ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենրտոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ ստեղծված ֆիլմը, որը «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի հերթական արտադրանքն է, ներկայացնում է կատարվածի մասին տեսանյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք ցրում են «բոլոր առասպելները` ստեղծված Սումգաիթի դեպքերի վերաբերյալ»:
«Սումգաիթն առանձնանում է նրանով, որ Ադրբեջանում իրականացված միակ ցեղասպանության ակտն է եղել, որի հետ կապված դեպքերը հետաքննվել են և հանցագործների մի մասը նույնիսկ դատապարտվել է»,- հայտնեց Մ. Գրիգորյանը` տեղեկացնելով, որ ֆիլմում ներառվել են նաև դատական գործընթացների ու անցկացված հետաքննությունների մասին նյութերը:
Մ. Գրիգորյանը նշեց, որ ֆիլմը ցրում է այն առասպելը, թե Սումգաիթի ջարդերի ժամանակ երեխաների չեն սպանել, այլ ապացուցում է, որ «այդ օրերին Սումգաիթի ծննդատների պատուհաններից երեխաներին դուրս են նետել», այն առասպելը, թե Սումգաիթը պատասխանն է Ղարաբաղի որոշման` Հայաստանի կազմ տեղափոխվելու մասին, այլ ապացուցում է, որ այն եղել է «մանրակրկիտ նախապատրաստված ու կազմակերպված», ապացուցում է, որ, ի տարբերություն պաշտոնապես հրապարակված տեղեկության, թե Սումգաիթի ջարդերի ժամանակ զոհվել է ընդամենը 27 մարդ, ապացուցում է, որ «մեկ գիշերվա ընթացքում սպանվել է 100-ից ավելի հայ» և այլն:
Ֆիլմի հեղինակը հայտնեց նաև, որ իրենց հայտնաբերած փաստերը թույլ են տալիս Սումգաիթի վերաբերյալ մի փաթեթ կազմել և ներկայացնել միջազգային դատական ատյաններին` Սումգաիթի իրադարձություններին իրավական գնահատական տալու համար: