27/04/2010 14:11
ՀՀ նախագահ. Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու ներուժ ենք տեսնում
«Չնայած, որ Թուրքիայի կառավարության անգործության արդյունքում գործընթացը կանգնեցվել է, մենք Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու ներուժ ենք տեսնում և տարանցիկ ուղիով դեպի Մերձավոր արևելքի երկրներ»,- նման հայտարարություն այսօր արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստում:
Ս. Սարգսյանը նշեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը հնարավորություն կտար էներգետիկ և տնտեսական հարաբերություններ ձևավորել: ՀՀ նախագահի գնահատմամբ, այսօրվա դրությամբ տարածաշրջանում էներգետիկ շուկան կայացման փուլում է և նախատեսվում է շրջանակային համակարգի ձևավորում` Սևծովյան երկրների, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ: Ապագայում մրցակցային առավելության առումով նախագահը կարևորեց էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ վնասակար նյութերի առավել քիչ արտանետումները մթնոլորտ:
«Մեծ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային էներգետիկ շուկաներին ինտեգրացիային և տարածաշրջանային նախագծերին մասնակցությունը ինչպես գազատրանսպորտային, այնպես էլ էլեկտրաէներգետիկ ոլորտներում»,- ասաց նախագահը:
ԵՄ համագործակցության շրջանականերում ՀՀ նախագահը կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը և էներգակիրների մատակարարուման ուղիների դիվերսիֆիկացումը: Այս առումով Ս. Սարգսյանը նշեց 2009 թ-ին Իրան-Հայաստան գազամուղի և օրերս Երևանի ՋԷԿ-ի շահագործումը, ըստ նրա, հաջող է ընթանում դեպի Իրան և Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցումը: