28/04/2010 13:06
Հուշագիր` հանուն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման
Հայաստանյան քաղաքացիական 4 կազմակերպություններ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Երևանի մամուլի ակումբը, ստեղծել են «կոնսորցիում», որը զբաղվելու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեցին կազմակերպությունների ղեկավարները` հայտնելով, որ Համագործակցության Հուշագիրը ստորագրել են ապրիլի 26-ին:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի խոսքով, հուշագրի կնքումը քաղաքական միավորում չէ, այլ բացառապես քաղաքացիական նախաձեռնություն է:
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը միտված մեր գործողությունները, միջոցառումներն ու ծրագրերն իրար հետ պետք է միացնենք և փորձենք համատեղ անել»,- ասաց Թ. Պողոսյանը:
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարեց, որ թեև ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը հանված է և գործընթացը սառեցված, սակայն իրենք գտնում են, որ քաղաքացիական հասարակության նախաձեռնության քայլերը պետության քայլերի կողքին միշտ պետք են. «Առանց մեր հասարակությունների մերձեցման, առանց ժողովրդական դիվանագիտության, ապագայում մեր հասարակությունների նորմալ բարիդրացիական հարաբերություներ և զարգացում հնարավոր չէ»:
Բանախոսները նշեցին, որ 4 կազմակերպություններն էլ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ոլորտում իրականացվող ծրագրերում ունեն բազմամյա փորձ, և այժմ մշակվելու են համատեղ ծրագրեր, որոնք յուրաքանչյուրն իր ոլորտի մասով կիրականացնի:
Այն հարցին, թե արդյո՞ք նման մի նախաձեռնություն էլ իրականացվելու է Թուրքիայում, բանախոսները նշեցին, որ դա թուրքական կողմի խնդիրն է, սակայն 4 կազմակերպությունները նախորդ տարիների ընթացքում շուրջ 150 գործընկերներ են ձեռք բերել Թուրքիայում, որոնց հետ համագործակցում են և վերջ ի վերջո նրանք էլ նույն գործն են անելու: