28/04/2010 11:16
Շինարարական գարնանային երրորդ ցուցահանդեսը` մայիսի 27-29-ին
Այս գարնան ընթացքում շինարարական ոլորտի արդեն երրորդ ցուցահանդեսը կկայանա 2010 թ-ի մայիսի 27-29-ը: «ՄԵՐ ՏՈՒՆԸ» 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են շինարարություն, նախագծում, վերանորոգում, կահույք, դռներ և պատուհաններ, շինտեխնիկա, տեխնոլոգիա, գազա, ջերմա և էներգամատակարարման համակարգեր, ջեռուցման, օդորակման համակարգեր, կենցաղային տեխնիկա, ներկանյութեր, հիփոթեքային վարկավորում, անշարժ գույք, ապահովագրում:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի տնօրեն Անահիտ Հակոբյանը Aysor-ին հայտնեց, որ «ՄԵՐ ՏՈՒՆԸ» յուրաքանչյուր տարի ունի իր նպատակները. օրինակ անցած տարի նպատակն էր սփյուռքահայությանը ցույց տալ, թե ինչ հայրենական արտադրանք ունենք այդ ոլորտում և ցուցահանդեսն անցկացվեց Հայաստան-Սփյուռք ճարտարապետների համաժողովին կից:
«Այս տարվա ցուցահանդեսի նպատակն է մարզերի ընկերություններին միմյանց հետ ճանաչողական աշխատանք կատարել, մի հարկի տակ հավաքել մարզային ընկերություններին և համատեղ ծանոթացնել ու փորձել համատեղ ուժերով դուրս գալ այս ճգնաժամից»,- ասաց Ա. Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս ցուցահանդեսին մասնակցության հայտ են ներկայացրել 70 ընկերություններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսն արտադրողի և սպառողի միջև նոր կոմերցիոն փոխհարաբերություններ հաստատելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի շինարարական շուկան ուսումնասիրելու հնարավորություն է տալիս: «ՄԵՐ ՏՈՒՆԸ» ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է գարնանը` շինարարական աշխատանքների թեժ շրջանից առաջ:
Նշենք, որ ցուցահանդեսին աջակցում են Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Զարգացման հայկական գործակալությունը: Ցուցահանդեսի անցկացման վայրն է ՀՀ կառավարության նիստերի դահլիճը:
Հավելենք, որ Հայաստանում 2010 թ. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է շինարարության համախառն ծավալների 0.6 % անկում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին շինարարության ծավալը հանրապետությունում կազմել է 46 մլրդ 718 մլն դրամ: Սակայն փետրվարի համեմատ մարտին շինարարության ծավալներն աճել են 24.6 %-ով: