28/04/2010 12:38
Մարմնամարզիկ Վահան Վարդանյանը կմեկնի Սինգապուր
Անգլիական Բիրմիգհեմում ապրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացվեց Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո նման խոշոր մրցաշարում մեդալակիր դարձավ Հայաստանի պատվիրակը: Երիտասարդների պայքարում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավեց հենացատկում և պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով: Նա մրցանակակիր դարձավ նժույգաթափում:
Ուժեղների պայքարում Արթուրը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին և նվաճեց բրոնզե մեդալ: Ափսոս միայն, որ երևանցին բազմամարտի ծրագրով մյուս չորս մրցաձևերում անհաջողության մատնվեց. գրավեց 16-րդ տեղը և չարժանացավ Սինգապուրում օգոստոսին անցկացվելիք Օլիմպիական առաջին պատանեկան խաղերի ուղեգրի:
Բայց այդ մարզահանդեսին մարմնամարզության մրցումներում Հայաստանը կունենա իր պատվիրակը: Վահան Վարդանյանը, ով բազմամարտում ճանաչվեց 12-րդը, Երևան վերադարձավ օլիմպիական ուղեգրով: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Չափազանց դժվարին և դիտարժան պայքարում անցան մեծահասակների մրցումները: Օղակների վրա տոն տվողների շարքում էր մեր Վահագն Դավթյանը: Նա երրորդ արդյունքով մտավ եզրափակիչ: Լավագույնների մրցավեճում նույնպես Վահագնը դժգոհելու տեղիք չտվեց և վերջնական արդյունքով ճանաչվեց չորրորդը:
Այսպիսով` առայժմ Սինգապուր մեկնելու ուղեգիր ունեն Հայաստանի չորս ներկայացուցիչներ` 1 մարմնամարզիկ, 2 ծանրորդ և 1 ձյուդոյիստ: