29/04/2010 11:30
Հարություն Հարությունյանը մրցակցությունից դուրս էր
Ապրիլի 28-ին ավարտվեց Հայաստանի սեղանի թենիսի թիմային և անհատական պատանեկան առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 26-ին: Առաջնությանը մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի, Երևանի, ինչպես նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչները: Աղջիկների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Աննա Ադամյանը` Ստեփանակերտից, իսկ տղաների մրցավեճում առաջին տեղը գրավեց երևանցի Հարություն Հարությունյանը:
Ֆեդերացիայի նախագահ Լևոն Գրիգորյանի գնահատմամբ` սեղանի թենիսի առաջնությունների` բարձր մակարդակով կազմակերպումն ու իրականացումը հետապնդում է մեկ հիմնական նպատակ. վերականգնել մարզաձևի երբեմնի հարուստ ավանդույթներն ու նպաստել մարզաձևի մասսայականացմանը:
Ավելացնենք, որ այսօր երեկոյան սեղանի թենիսի հայ մարզիկները կմեկնեն Բաթում` մասնակցելու աշխարհի առաջնությանը, իսկ մայիսի 23-ից 30-ին հանդես կգան Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: