29/04/2010 15:57
Երևան-Բաթումի գնացքը կսկսի գործել մայիսի 30-ից
Այս տարի Երևան-Բաթումի ուղևորատար «Արմենիա» գնացքը կսկսի գործել մայիսի 30-ից ամեն օր: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը` շեշտելով, որ նախորդ տարվա համեմատ շուրջ 1 ամիս շուտ են գործարկելու երթուղին:
Փոփոխություններ են նախատեսվում նաև գնացքի չվերթի ժամկետներում. գնացքը Երևանից մեկնելու է ժամը 14:10-ին:
«Հարկավոր է սեփական երկիրը տեսնել: Այն գեղեցիկ է, իսկ վագոնից` դա այլ հասկացություն է»,- շեշտեց Շ. Շայդուլինը:
Սահմանին ստուգումն անցկացվելու է ընթացքի ժամանակ, սակայն եթե նախորդ տարի դա արվում էր գիշերվա ժամին` խանգարելով ուղևորների քունը, ապա այս տարի գնացքը սահման է հասնելու ժամը 20:30-ի մոտակայքում: Շարժակազմը Բաթումի կհասնի 7:16-ին, ընդ որում, ճանապարհի տևողությունը կրճատվում է 1 ժամ 20 րոպեով:
Շ. Շայդուլինը հայտնեց, որ ուղևորներին այլընտրանք է տրվելու` շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին մեկնելու է սովորական ուղևորատար գնացք, որը Երևանից կմեկնի 23:20-ին և Բաթումի կհասնի 17:00-ին, ընթացքի մեջ գտնվելով` 18 ժամ 40 րոպե. «Այս գնացքը համեմատաբար էժան կլինի, քան` ֆիրմայինը»:
«Արմենիա»-ի շարժակազմը բաղկացած է լինելու 2 SV վագոնից, բարձր հարմարություններով 3 կուպեից և 2 սովորական կուպեից: Պատվերի դեպքում` կմիացվի նաև վագոն-սալոն:
«Հաշվի առնելով, որ հուլիս-օգոստոսին պահանջարկն ավելի շատ է, մայիս-հունիսին կիրառվելու է -1.2 գործակից, ինչի դեպքում տոմսերի արժեքը անցած տարվանից ավելի էժան է ստացվում. օրինակ, SV-ն` 22490 դրամ, անցած տարվա 22895 դրամի փոխարեն»,- տեղեկացրեց Շ. Շայդուլինը` հավելելով, որ համապատասխանաբար էժանանում են մյուս վագոնների տոմսերը ևս:
Նրա խոսքով, հուլիս-օգոստոսին գնացքի տոմսերը 1.4 գործակցով կթանկանան և, օրինակ, պլացքարտը կկազմի 7557 դրամ, իսկ SV-ն` 23578 դրամ: Սեպտեմբերին կրկին 1.2-ով կէժանան: Ըստ Շ. Շայդուլինի, պահպանվում են երեխաների համար զեղչերը:
ՀԿԵ ղեկավարը հայտնեց, որ տոմսերի գնում ներառված է նաև ապահովագրությունը և հասույթի 0.15 %-ը կգնա այդ ֆոնդին:
«Վրացական 2 տուրֆիրմաներ ենք ընդգրկել աշխատանքում, որոնց շնորհիվ շուտով ակտիվացում կնկատվի»,- ասաց Շ. Շայդուլինը: