30/04/2010 17:04
Հայաստանը մոտենում է նախաճգնաժամային ցուցանիշներին
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2010 թվականի առաջին եռամսյակի մակրոցուցանիշները:
Պատգամավորն անդրադարձավ շուրջ մեկ շաբաթ առաջ ՀՀ Կառավարության կողմից հրապարակված ցուցանիշներին` նշելով, որ երեք ամիսներին Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ 9.5 % աճ` չորս հիմանկան բաղադրիչներով, այն է արդյունաբերության ոլորտում արձանագրվեց 10 %, ծառայությունների` շուրջ 6 % և գյուղատնտեսության` 3 % աճ:
Խոսելով շինարարության ոլորտում 2009 թվականի ընթացքում արձանագրված անկման մասին` նա նկատեց, որ 2010 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում չի եղել: «Առաջին անգամ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվում է անկման բացակայություն»,- շեշտեց նա:
Անդրադառնալով արտահանման և ներմուծման ցուցանիշներին` Գ.Մինասյանը նշեց, որ 2010թ-ի առաջին եռամսյակում արձանագրվել է շուրջ 60 % աճ` արտահանման ոլորտում, իսկ ներմուծման ոլորտում`23 %: «Կարելի է ասել, որ այստեղ տենդենցը ևս դրական է»,- նշեց պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահը դրական գնահատեց նաև նախորդ տարվա համեմատ պետբյուջեի այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները` հայտնելով, որ արձանագրվել է 17 % եկամուտների և 10 % ծախսերի աճ:
«Համեմատելով նախաճգնաժամային 2008 թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշների հետ, բավականին հետաքրքիր համեմատություն է ստացվում, քանի որ 2008 թ-ին ունեցել ենք եկամուտների 6 % աճ և 22 % աճ` ծախսային բնագավառում»,- նշեց Գ.Մինասյանը, ընդգծելով, որ եռամսյակային նման արդյունքներով Հայաստանը հաղթահարում է ճգնաժամի հետևանքները և մոտենում նախաճգնաժամային տարվա ցուցանիշներին:
Ըստ բանախոսի` դրական միտումների հետ մեկտեղ շարունակվում է արձանագրվել բարձր գնաճ, որը մտահոգիչ է թե' հասարակության անապահով շերտերի, թե' կառավարության համար: Պատգամավորը հույս հայտնեց, որ գործադրի և Կենտրոնական բանկի համատեղ ջանքերը շարունակական միտում կունենան, մանավանդ, որ այսօր Հայաստանն ունի ավելի բարձր տնտեսական աճ, քան ծրագրված էր պետական բյուջեի նախագծով: