30/04/2010 14:45
«Շանհայ Էքսպո 2010»-ի հանդիսավոր բացումը` այսօր երեկոյան
Չինական Շանհայում այսօր երեկոյան կկայանա համաշխարհային «Էքսպո-2010» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հայաստանը «Էքսպո» ցուցահանդեսին մասնակցում է արդեն երրորդ անգամ: Մինչ այդ մեր երկիրը հաջողությամբ մասնակցել է Հաննովերում (Գերմանիա) կայացած «Էքսպո-2000» և Աիչիյում (Ճապոնիա) կայացած «Էքսպո-2005» ցուցահանդեսներին:
«Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրի ներքո անցկացվող «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը տևելու է 6 ամիս` 2010թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Ինչպես հաղորհում է մեր թղթակիցը, ցուցահանդեսին մասնակցում է 192 պետություն և 50 միջազգային կազմակերպություն:
Հիշեցնենք, որ ՉԺՀ ղեկավար Հու Ձինտաոյի հրավերով Չինաստան այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսին այսօր բացվեց Հայաստանի տաղավարը:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի, բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: