03/05/2010 13:57
Ռ. Զիլլեռ. ԳԴՀ կառավարությունը վստահում է ՀՀ կառավարությանը
«2010 թ-ն առանձնանում է հայ-գերմանական համագործակցության շրջանակներում ընդհանրապես: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն այս տարի Հայաստանի ենթակառուցվածքների ոլորտում այնքան ծրագրեր է ֆինանսավորելու, ինչպիսին չի եղել հայ-գերմանական համագործակցության պատմության մեջ: Դա նշանակում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է վստահել Հայաստանի կառավարությանը, մասնավորապես նաև այս ճգնաժամային շրջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գերմանական KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլեռը:
Նա հայտնեց, որ այս տարի ընդհանուր առմամբ հատկացվելու է շուրջ 120 մլն եվրոյի վարկավորում: Այդ գումարից 20 մլն-ն արդեն հատկացվել է հիփոթեքային շուկային, 18 մլն-ը` վերականգնվող էներգետիկային, վաղը պայմանագիր է ստորագրվելու 30 մլն եվրո Գյումրիի և Վանաձորի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրերին հատկացնելու մասին, իսկ 51 մլն եվրո կուղղվի Որոտանի ՀԷԿերի կասկադի վերակառուցմանը:
«Հայաստանը շատ է տուժել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից: ՀՀ կառավարությունը ճգնաժամի շրջանում շատ հստակ քաղաքականություն է վարել, ինչն առանձնացվել է ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Տնտեսական ճգնաժամի պայմաններում կարևորվում է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների իրականացումը, որն ապահովում է աշխատատեղերի պահպանում, նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև միտված է ապագա զարգացմանը, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում»,- ընդգծեց Ռ. Զիլլեռը: