03/05/2010 12:01
Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով
Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին: Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` Նախագահի գլխավորությամբ այցելել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի շտաբ-բնակարան եւ հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Այս երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռաղարդակցական համակարգեր և այլն, մտադիր են մասնակցել Հայաստանի հեռուստահաղորդակցության ոլորտում իրականացվելիք հավակնոտ ծրագրերին:
Նախագահ Սարգսյանը եւ ZTE ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Դրական վերաբերելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին և ցանկություն ունի մասնակցել նաև արտադրական պրոցեսին:
Նախագահ Սարգսյանը «Հուավեյ» ընկերության ղեկավարի հետ եւս քննարկել է համագործակցության հեռանկարը: «Հուավեյ» -ը դինամիկ զարգացող ընկերություն է եւ ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն «Ինտել»-ին, իսկ իրացման ծավալներով` «Էրիքսոնին»:
«Հուավեյ»-ը մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա 3 տարիներին դուրս գալ առաջին տեղը: Այդ նպատակի իրագործման համար չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Քննարկումների արդյունքում հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել «Հուավեյ» ընկերության հետ: