04/05/2010 12:25
Էլինա Դանիելյանը չի կարողանում վերագտնել իր խաղը
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 7-րդ տուրը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. մրցաշարի մասնակիցները հարգեցին Միջազգային շախմատային ֆեդերացիայի նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսի հիշատակը: Տխուր նորությունը, սակայն, չազդեց շախմատիստուհիների մարտական տրամադրության վրա. 6 պարտիայից 4-ն արդյունավետ ելք ունեցավ:
Այս մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց «Գրան Պրիի» ընդհանուր հաշվարկով առաջատար Ժաո Քսյուն, ով չափազանց վատ էր մեկնարկել այս խաղարկությունում` կրելով 3 պարտություն: Հաշվետու տուրում Քսյուն առավելության հասավ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանի նկատմամբ: Հետաքրքիր է, որ մեկնարկում սևերը հաջողության հասնելու հնարավորություններ պահպանում էին, սակայն արդեն 21-րդ քայլին Դանիելյանն ստիպված էր հաշտվել թագուհու կորստի հետ: Պարտիայի մնացած մասը Քսյուն անսխալ անցկացրեց և տրամաբանական հաղթանակ տոնեց:
Մեր մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, ցավոք, չկարողացավ օգտագործել վրացուհի Նանա Ձագնիձեի հետ պարտիայում ունեցած մեծ առավելությունը: Այս պարտիայում բավական արագ էնդշպիլ առաջացավ, որում սպիտակների առավելությունը, որով խաղում էր Մկրտչյանը, անվիճելի էր: Չնայած Ձագնիձեն համառորեն պաշտպանվում էր, սևերի դրությունը մինչև 38-րդ քայլը ծանր էր: Մի շարք սխալներից հետո Լիլիթի առավելությունը նվազեց: Այնուհետև նա ուղղակի չպայքարեց հաղթանակի համար և 55-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց:
7-րդ տուր. 03.05.10
Բեթուլ Յիլդիզ-Ժու Չեն 0:1
Տատյանա Կոսինցևա-Համփի Կոներու 0,5:0,5
Պիա Կրամլինգ-Բաիրա Կովանովա 1:0
Լիլիթ Մկրտչյան-Նանա Ձագնիձե 0,5:0,5
Խոու Իֆան-Բաթհույագ Մոնղոնթուլ 1:0
Ժաո Քսյու-Էլինա Դանիելյան 1:0
Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո
1. Տատյանա Կոսինցևա-6
2. Խոու Իֆան-5
3. Ժու Չեն-4,5
4. Պիա Կրամլինգ-4,5
5. Նանա Ձագնիձե-4
6. Համփի Կոներու-3,5
7. Լիլիթ Մկրտչյան-3
8. Բաթհույագ Մոնղոնթուլ-3
9. Բաիրա Կովանովա-3
10. Ժաո Քսյու-2,5
11. Բեթուլ Յիլդիզ-2
12. Էլինա Դանիելյան-1
8-րդ տուր. 04.05.10
Ժու Չեն-Էլինա Դանիելյան
Բաթհույագ Մոնղոնթուլ-Ժաո Քսյու
Նանա Ձագնիձե-Խոու Իֆան
Բաիրա Կովանովա-Լիլիթ Մկրտչյան
Համփի Կոներու-Պիա Կրամլինգ
Բեթուլ Յիլդիզ-Տատյանա Կոսինցևա