04/05/2010 09:52
Մասսայական սպանություն` Ակապուլկոյի ֆուտբոլային դաշտում
Մեքսիկայում անհայտ անձինք գնդակահարել են Ակապուլկո քաղաքի մոտ գտնվող մարզադաշտում ֆուտբոլ խաղացող հինգ տղամարդու: Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, սպանությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին վաղ առավոտյան:
Ոստիկանության տվյալներով` մարդասպանները մարզադաշտին են մոտեցել 3 մեքենաներով և գնդակահարել ֆուտբոլ խաղացող երիտասարդներին: Ոստիկաններին հաջողվել է ճանաչել սպանվածներից երկուսին` 25 և 34-ամյա տեղի բնակիչների, մյուս սպանվածներին չի հաջողվել նույնականացնել, քանի որ հարազատները հապճեպ տեղափոխել են նրանց դիակները դեպքի վայրից:
Հանցագործության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն գործակալությունը նշում է, որ նման դեպքերը վերջերս հաճախակի են դարձել Ակապուլկոյում` կապված Բելտրան Լեյբի նարկոկարտելի տարբեր խմբավորումների միջև ծագած հակամարտության հետ:
Նշենք, որ թմրանյութերի շուկան ղեկավարող խմբավորումների միջև ծագած հակամարտությունների պատճառով Մեքսիկայում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում. Միայն վերջին երեք տարիներին սպանվածների թիվը հասել է 23 հազարի: