04/05/2010 12:56
Վաշինգտոնը պատրաստ է միջուկային սպառազինության կրճատմանը
Միացյալ Նահանգները մտադիր են հետևել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ինտեռֆաքսը», նախօրեին հայտրարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա ասել է, որ ավարտելով Ռուսաստանի հետ Հարձակողական սպառազինության կրճատման մասին նոր պայմանագրի և ԱՄՆ նոր միջուկային դոկտրինի հետ կապված աշխատանքները, Միացյալ Նահանգները «զգում են իրենց վրա դրված պատասխանատվությունը և հետագա կրճատման հնարավություններ են տեսնում»:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չորս տասնամյակների ընթացքում պայմանագիրը եղել է միջուկային զենքի չտարածման ուղղությամբ միջազգային հանրության հավաքական ջանքերի հիմնաքարը:
«Սակայն այս կարգավիճակն այսօր գտնվում է մեծացող ճնշման ներքո»,- շեշտել է նա: Ըստ Բ. Օբամայի` բոլոր երկրներն իրենց առջև դրել են մի հարց. արդյոք կարո՞ղ են նրանք հասնել այլ երկրների կողմից պայմանագրի դրույթներին հավատարիմ մնալուն, որպեսզի կանխվի միջուկային զենքի տարածումը:
«Մոտակա շաբաթներին կտեսնենք, արդյոք կարո՞ղ են միջուկային զենք տնօրինող երկրները կատարել իրենց պարտականությունները և ընթանալ դեպի միջուկային զինաթափում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նրա կարծիքով, մեծ հնարավորություններ ունեն և ավելի անվտանգ են զգում այն երկրները, որոնք «միջազգային հանրության ինտեգրված անդամներն են»:
«Իսկ այն պետությունները, որոնք անտեսում են իրենց պարտականությունները, հայտնվում են նվազ անվտանգ, սակավ զարգացող և առավել մեկուսացված կացության մեջ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: