04/05/2010 13:08
Հայ սամբիստները հավաք են անցկացնում Բելառուսում
Հայաստանի սամբոյի հավաքականն այսօրվանից 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուս «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում` նախապատրաստվելով մայիսի 13-ից 17-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի սամբոյի առաջնությանը:
Մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), ով այս տարի Հունաստանում տեղի ունեցած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը,
Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ), Մուշեղ Հովսեփյանը (82 կգ):
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության համաձայն` կանանց մրցումներին կմասնակցի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ) կպայքարեն մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Մեր թիմի ավագ մարզիչը Գուրգեն Սևոյանն է, մարզիչը` Էռնեստ Միրզոյանը: Բելառուս է մեկնել նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը: