06/05/2010 10:00
Գործարարների կոդեքսը` տարեվերջին
ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միությունն (ՀԱԳՄ) այս տարեվերջին հայ հանրության և գործարանների դատին կներկայացնի Գործարարների կոդեքս: Ինչպես Aysor-ին հայտնեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, փաստաթղթի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Նպատակն է սոցիալապես ակտիվ, բարոյապես նորմալ կերպար ունեցող, լուրջ, հարկեր վճարող գործարարի բարոյական կերպար ձևավորելը, նոր մանթաշովների կերպարի ստեղծումը»,- ասաց Ա. Ղազարյանը:
Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ կետեր են ներառվելու Գործարարների կոդեքսում, նշելով, որ ավելի ստույգ կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ կոդեքսը պատրաստ լինի:
Այն, որ հայ գործարարի բարոյական նկարագիրը հարկավոր է փոխել թե՛ պետական մարմինների հետ աշխատանքի, և թե՛ աշխատակիցների հանդեպ վերաբերմունքի առումով, դա անխոս է:
Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, «պատվո կոդեքս» հասկացություն եղել է նաև ֆաշիստական Գերմանիայում. այնտեղ պաշտոնապես գործում էր օլիգարխների խորհուրդ, որն ուներ Պատվո կոդեքս: Վերջինս քարոզում էր, որ «օլիգարխը պետք է իրեն պահի զուսպ և համեստ, օլիգարխն իր պահվածքով, ներկայությամբ և գոյությամբ չպետք է նյարդայնացնի, բարկացնի և ստորացնի շարքային քաղաքացիներին, օլիգարխը պետք է գումարները ծախսի ոչ թե օտար երկրներում, այլ` իր երկրի ներսում, օլիգարխը պետք է ֆինանսական միջոցները ներդնի ոչ թե ծառայությունների, այլ` արտադրության ոլորտում» և այլն: