06/05/2010 14:40
Դեմոյանը մերկացնում է Թուրքիայի մտադրությունները
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի առաջին փուլն ավարտված է»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հ. Դեմոյանը նշեց, որ գործընթացը տապալված է Թուրքիայի մեղքով, ինչն ունի առնվազն երկու պատճառ:
«Թուրքիան գերադասեց չկորցնել Ադրբեջանին` իր հիմնական դաշնակցին Կովկասում»,- ընդգծեց Հ. Դեմոյանը` ներկայացնելով առաջին պատճառը:
Որպես երկրորդ պատճառ Հ. Դեմոյանը հայտնեց, որ թուրքական կողմի նախնական հաշվարկները` ստանալ այն, ինչ ակնկալվում էր, չիրականացան: Ըստ նրա` այդ ակնկալիքներն էին` հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ ակտիվացում կամ տեղաշարժ գրանցել: