06/05/2010 15:11
Հայաստանում կներդրվի էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ
Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հայեցակարգի մշակումը նախատեսված է «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ»:
Կարևորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում:
«Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, և Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլև` էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր երկու ուղղությամբ է զարգանում` էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի և էլեկտրաէներգիայի արտադրության խնայողության արդյունավետ ռեժիմների սահմանման միջոցով: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գարսենյակից հայտնում են, որ նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը և մինչև հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման: