10/05/2010 13:57
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը մեկնում է Թբիլիսի
Մայիսի 11-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա “Հարավային կովկասում տրանսպորտային հեռանկարներ”-ի վերաբերյալ դոնորների համակարգման ժողով, որին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ:
Ժողովին կմասնակցեն տրանսպորտային ոլորտում ներգրավված դոնոր կազմակերպությունները, այդ թվում Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան, Եվրամիությունը եւ այլն:
Ժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց ազգային ծրագրերը, հիմնավորելու ներդրումային կարիքները եւ դոնորների աջակցությունը ստանալու նպատակով` առաջարկելու նոր նախագծերի գաղափարներ: Այս մասին Aysor-Ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: