11/05/2010 16:14
Լևոն Հայրապետյանը վնասվածք է ստացել
Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը, ով հանդես է գալիս գերմանական «Համբուրգում», ցավոք, իր թիմի վերջին խաղում վնասվածք է ստացել ու չի կարող մեր ազգային և մինչև 21 տարեկանների ընտրանիներին օգնել առաջիկա ստուգողական և պաշտոնական հանդիպումներում: Այս մասին գավաթային եզրափակչին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Այսօր մենք վատ լուր ենք ստացել: Մտադիր էի Լևոն Հայրապետյանին հրավիրել` մասնակցելու Հայաստանի և Ուզբեկստանի ազգային թիմերի միջև Երևանում կայանալիք ստուգողական խաղին, բայց նա, դժբախտաբար, վնասվածք է ստացել: Այսօր չեմ կարող ասել, թե որ ֆուտբոլիստները կհրավիրվեն երկրի գլխավոր թիմ: Կարևորը հիմա այն է, որ զերծ մնանք վնասվածքներից»,- նշեց գլխավոր մարզիչը: