11/05/2010 11:53
Վրաց բանակը կմասնակցի մոսկովյան շքերթներին Սահակաշվիլուց հետո
Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդար Վրաստան» կուսակցության նախագահ Զուրաբ Նողայիդելին վերադարձել է Մոսկվայից Թբիլիսի, որտեղ նա մասնակցում էր Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին: Մոսկվայում նա, մասնավորապես, ներկա է գտնվել Քութայիսիում պայթեցրած Պատվո հուշահամալրի վերակառուցվող նմանօրինակի հիմնարկեքին:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Վրաստանի մայրաքաղաք վերադառնալուց հետո նա լրագրողներին հայտնել է, որ վրացական բանակը շքերթին կմասնակցի Մոսկվայում այն ժամանակ, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այլևս իշխանության մոտ չլինի:
«Սահակաշվիլին չի լինի, և վրացական բանակը կմասնակցի շքերթին Կարմիր հրապարակում: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է նա:
Նողայիդելին նաև հայտնել է, որ նա հրավեր էր ստացել մասնակցելու Մոսկվայում տեղի ունեցած բոլոր տոնական միջոցառումներին, «բայց, լինելով ընդիմություն` որոշ միջոցառումներին պետք է մասնակցեր, մյուսներին` կմասնակցի իշխանության գալուց հետո»: