13/05/2010 10:11
Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Մայիսի 12-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:
Արտգործնախարար Նալբանդյանը անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին:
Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաեւ անդամ երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք բարձր գնահատեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց պետությունների անունից աջակցություն հայտնեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին:
Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, որի ժամանակ քննարկվեց Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը վերահաստատեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Հայաստանի հետ համագործակցության մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը: Կլաուդիո Բիզոնյերոն նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանին` Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցության համար: