13/05/2010 15:43
ՊԳԿ-ն Հայաստանին 2008-2009-ին հատկացրել է 1.8 մլն դոլար
2008-2009 թթ-ին ՄԱԿ -ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանին գյուղատնտեսական տարբեր ծրագրեր իրականացնելու համար հատկացրել է 1.8 մլն դոլար ֆինանսական աջակցություն: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՄԱԿ -ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆը:
Միաժամանակ նա շեշտեց, որ ՊԳԿ-ն ֆինանսավորող գործակալություն չէ, այլ համագործակցում է միայն տեխնիկական առումով և Համաշխարհային բանկի կոսղմից գյուղատնտեսության ոլորտում ֆինանսավորվող ծրագրերի 50 %-ը ՊԳԿ աջակցության շնորհիվ է կատարվում:
Ժ. Դիուֆը հավաստեց, որ այսուհետ ևս իր ղեկավարած կազմակերպությունը կաջակցի ՀՀ կառավարությանը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը կարևորեց ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 27-րդ տարածաշրջանային համաժողովի անցկացումը Երևանում:
«Այս վեհաժողովի կարևորությունը նրանում է, որ պետք է ընդունվի FAO-ի առաջիկա 2 տարիների ծրագիրը: Կխոսենք կատարված աշխատանքների և այն ծրագրերի մասին, որ ներկայացնում է FAO-ն»,- ասաց Գ. Ալավերդյանը:
Գ. Ալավերդյանը հայտնեց, որ թունաքիմիկատների գերազմանոցի վնասազերծման համար ՊԳԿ-ն հատկացրել է 40 հզ. դոլար, իրականացվում է 600 հզ. դոլար արժողությամբ սերմնաբուծության զարգացման ծրագիրը, կարևորվում է լաբորատորիաների հզորացման ծրագիրը` 2 մլն դոլար արժողությամբ, ընթացի մեջ է նաև սպանդանոցների ստեղծման ծրագիրը` 1.6 մլն դոլար, իսկ 2008 թ-ից սկսվել է բրյուցելիոզի դեմ պայքարի ծրագիրը` 770 հզ. դոլար:
Նա ներկայացրեց նաև այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացրել ՊԳԿ աջակցությամբ` ձկնաբուծության զարգացման ծրագիր, հացահատիկի, կարտոֆիլի և եգիպտացորենի սերմերի, գյուղատնտեսության ապահովագրության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման համակարգի ստեղծում, ծիրանի գենետիկական կենտրոնի ստեղծելու ծրագիր, քննարկման փուլում է արոտավայրերի բարելավման ծրագիրը և այլն:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ հետագայում հաճախակի կազմակերպենք մեր անդիպումները»,- ասաց Գ. Ալավերդյանը: