13/05/2010 10:46
Աշխարհում սովածների թիվը հասել է 1 մլրդ մարդու
«1996 թ-ին Պարենի համաշխարհային գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները խոստացան մինչև 2015 թ. կիսով չափ կրճատել սովից տառապող բնակչության թիվն աշխարհում: Սա ընդհանուր պարտավորություն էր, որ հետո հաստատվել էր այլ միջազգային համաձայնագրերով: Պարենային անվտագության հարցերով համաշխարհային գագաթնաժողովն անցած տարի նոյեմբերին որոշել էր հասնել աշխարհում սովի համատարած վերացման: Ցավոք, վերջին տվյալնեը ցույց են տալիս, որ ներկայիս իրադրությունն ավելի անհանգստացնող է, քան 1996-ին»,- այս մասին ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 27-րդ տարածաշրջանային համաժողովում իր ելույթում ասաց ՊԳԿ գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆը:
Ըստ նրա, սովի ծավալները վերջին 3 տարիներին ավելանում են` կապված գյուղատնտեսության ոլորտում ներդրումների կրճատումների և գյուղմթերքների գների կտրուկ աճի հետ, ինչի վրա ազդում է նաև ֆինանսատնտեսական ճգնաժամը: 2008-ի համեմատ 2009 թ-ին աշխարհում սովածների թիվն ավելացել է 105 մլն-ով և հասել է 1 մլրդ մարդու: 1998-ից սկսած 50 մլն մարդ Կենտրոնական Ասիայում հաջողությամբ դուրս են եկել աղքատությունից` շնորհիվ եկամուտների աճի: Ասիայի երկրներում սոված մարդկանց թիվը կրճատվել է 38 %-ով` 9.3 մլնից հասնելով շուրջ 5 մլնի: Ժ. Դիուֆի գնահատականով, այդ առումով կարևոր տեղ ունի գյուղատնտեսությունը, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է խանգարել այդ առաջընթացին:
Համաշխարհային բանկի գնահատականներով, Կենտրոնական Ասիայի երկրները ավելի շատ են տուժել ճգնաժամից: FAO-ի հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունը լուրջ խնդիրներ ունի այս տարածաշրջանում: Իրադրության բարելավման առումով կարևորվում է ոլորտում ներդրումների ավելացումը:
«Գյուղատնտեսության ՀՆԱ աճը 2 անգամ ավելի արդյունավետ է աղքատության կրճատման առումով, քան տնտեսության մյուս ճյուղերում ՀՆԱ ավելացումը»,- շեշտեց Ժ. Դիուֆը:
Նա նշեց, որ 2015 թ-ին աշխարհում 9 մլրդ մարդկանց, որոնցից 70 %-ն ապրելու է քաղաքներում, կերակրելու համար անհրաժեշտ է մթերքի արտադրության 70 % ավելացում: Բնական ռեսուրսների սահմանափակ լինելը ենթադրում է, որ դա պետք է կատարվի բերքատվութան բարձրացման շնորհիվ, հարկավոր է նաև լուծել շուկայի խնդիրները, բարելավել ենթակառուցվածները:
«Զարգացող երկրների գյուղատնտեսությունը կարիք ունի 44 մլրդ դոլար տարեկան ներդրումների: Ներդրումների ավելացումը կօգնի կրճատել սովածների թիվը: Փորձագետների կարծիքով, միայն Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում 10 մլն հա վարելահողեր կարելի է վերադարձնել շրջանառություն և աճեցնել հացահատիկ»,- ասաց Ժ. Դիուֆը: