13/05/2010 10:10
Երևանում մեկնարկեց ՊԳԿ համաժողովը
Այսօր վաղ առավոտյան Երևանում մեկնարկեց ՄԱԿ -ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 27-րդ տարածաշրջանային երկօրյա համաժողովը, որին մասնակցում են ՊԳԿ գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆը ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՊԳԿ-ի անդամ 53 պետությունների և եվրոպական տարածաշրջանում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ այլ տարածաշրջաններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: Նախապես հայտարարվել էր, որ համաժողովի բացմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն նա դեռևս այնտեղ չէր:
Ընդգծենք, որ համաժողովին ներկա է նաև Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի սկզբում միաձայն ընտրվեց համաժողովի նախագահ` ՀՀ գյուղփոխնախարար Սամվել Ավետիսյանը, ինչպես նաև ընտրվեցին տեղակալները և նշանակվեցին զեկուցողները:
Համաժողովի մասնակիցներն այս երկու օրերի ընթացքում քննարկելու են պարենային անվտանգության թեմայով համաշխարհային գագաթնաժողովից և ՊԳԿ համաժողովի 36-րդ նստաշրջանից բխող հարցեր, մասնավորապես` Գործողութունների հրատապ ծրագրի իրականացումը, ապակենտրոնացված գրասենյակների ցանցի ստեղծումը, ՊԳԿ տարածաշրջանային համաժողովների դերը Սննդի համաշխարհային անվտանգության բարեփոխված կոմիտեում, 2008-2009 թթ. տարածաշրջանում ՊԳԿ գործունեության հաշվետվություն և այլն:
Հավելենք, որ համաժողովին նախորդել են հասարակական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկօրյա խորհրդակցությունները, որոնց ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համաժողովի օրակարգում ներառված տեխնիկական թեմաների: Խորհրդակցության արդյունքները ներկայացվում են համաժողովին և ընդգրկվում զեկույցներում: