14/05/2010 09:41
Մեդվեդևը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Պրայմ-տասս գործակալությունը` վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո ծառայությանը:
Հեռախոսազրույցը կայացել է ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:
Մեդվեդևը և Օբաման կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի, մասնավորապես «վեցնյակի» շրջանակներում ընդհանուր դիրքորոշման հասնելու վերաբերյալ:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Մեդվեդևը ներկայացրել է իր գնահատականները` հաշվի առնելով վերջերս Սիրիա և Թուրքիա կատարած այցերի ընթացքում տեղի ունեցած բանակցությունները:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը` տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ:
«Այդ մասին Մեդվեդևը և Օբաման համապատասխան հանձնարարություններ կտան երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին», - ասվում է հաղորդագրությունում:
Դմիտրի Մեդվեդևը և Բարաք Օբաման քննարկել են նաև միջազգային ծովահենության խնդիրը: ՌԴ նախագահը ներկայացրել է ռուսաստանյան նախաձեռնությունը` ստեղծել միջազգային դատարան, որը կզբաղվի նման գործերով:
Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել «Ռասպադսկայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ: