19/05/2010 13:32
Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի պատանիների չեմպիոն
Իսպանական Վալենսիայում մայիսի 18-ին մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի պատանեկան (մինչև 17 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի 9-ը պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելավ Սմբատ Մարգարյանը (56 կգ., Երևան): Նա առաջին մոտեցմամբ պոկեց 100 կգ և նվաճեց վարժության հաղթողի ոսկե մեդալը: Սմբատն այնուհետև իր կամքին ենթարկեց նաև 105 կգ ծանրաձողը: Հրում վարժությունը հայ ծանրորդն սկսեց 135 կգ-ով, այն պահեց իր գլխավերևում, և հրումում ու երկամարտում (240 կգ) նույնպես արժանացավ ոսկե մեդալների ու հռչակվեց չեմպիոն:
Ի դեպ, պատանի Սմբատն ընդամենը մեկ ամիս առաջ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գրավեց երկրորդ տեղն ու պարգևատրվեց փոխչեմպիոնի արծաթե մեդալով:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, Վալենսիայում խաղարկվում են նաև Սինգապուրում օգոստոսին անցկացվելիք ամառային պատանեկան օլիմպիական առաջին խաղերի ուղեգրերը: Բայց այդ խնդիրը չի հուզում ՀՀ պատվիրակությանը, որովհետև մինչ այս մեր պատանեկան թիմն արդեն նվաճել է առավելագույն թվով` երկու ուղեգիր: Մեկնողների անունները մարզիչները կհայտարարեն ավելի ուշ: