19/05/2010 10:21
Ո՞վ կներկայացնի Հայաստանը Սիլիկոնյան հովտում
Մինչև այս ամսվա վերջ կհայտարարվի Սիլիկոնյան հովտում Հայաստանի ներկայացուցչության մրցույթում հաղթողի անունը: Ինչպես Aysor-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, մրցույթին մասնակցել են 8-9 անձիք` բոլորն էլ արտասահմանցիներ:
«Բավականին հետաքրքիր թեկնածուներ էին դիմել: Վեջնական ընտրությունը շուտով կկատարվի ու հաղթողին կհայտարարենք»,- ասաց Վ. Կիրակոսյանը` նշելով, որ մասնակիցներից հիմնականում պահանջվել է ամերիկյան ՏՏ միջավայրին, մոտեցումներին ու մարդկանց շատ լավ իմացություն:
Ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցչությունը կտեղակայվի «Plug & Play» համակարգչային ձեռնարկությունների ինկուբատորում, որի հետ համագործակցություն հաստատվել է 2009 թ. նոյեմբերին ինկուբատորի տնօրենի Հայաստան այցելության ընթացքում: Վ. Կիրակոսյանը հայտնեց, որ «Plug & Play»-ը նման փորձ ունի և շատ երկրներ Սիլիկոնյան հովտում իրենց ներկայացուցչությունը հիմնում են հենց այնտեղ. օրինակ` Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, և անգամ ԱՄՆ հարևան Կանադան:
Սիլիկոնյան հովտում Հայաստանի ներկայացուցչության առկայությունը երկրի տեխնոլոգիական ընկերոթյուններին հնարավորություն կտա ոչ միայն պատվերներ հայթայթել, այլև` առավել լավ ներկայացնել հայկական ընկերությունների կարողություններն ու մշակումներն այնտեղի շուկայում, ֆինանսավորման համար օժանդակության ձեռքբերում, գործընկերության հաստատում, նաև թույլ կտա ավելի լավ տեղեկացված լինել ժամանակակից զարգացումների և միտումների վերաբերյալ, որը մեր ընկերություներին հնարավորություն կընձեռնի ճիշտ ուղղությամբ զարգանալ: