19/05/2010 15:44
Մանուկ Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին: Այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:
Նախարար Վարդանյանը ողջունելով դեսպանին նշել է, որ առաջիկայում հանրապետությունում կսկսվեն ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքներ, այդ թվում “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու կառուցման առաջին փուլը: Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը հայտնել է, որ Հայաստանի ճանապարհաշինարարության, այդ թվում` “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաեւ իրանական կազմակերպությունները` իրենց իսկ ֆինանսավորմամբ:
Նախարարն անդրադարձել է Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհին ցուցանակների բացակայության խնդրին եւ տեղեկացրել, որ դրա լուծման համար ներկայումս ծրագիր է մշակվում:
Դեսպան Ս.Ա.Սաղաիյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այդ ճանապարհի Գորիսի հատվածում առաջացած սողանքի վրա, որի հետեւանքով ճանապարհի որակը վատացել է: Նախարարը հայտնել է, որ խնդիրը գերատեսչության ուշադրության կենտրոնում է եւ արդեն պատրասվում է նախագիծ, որից հետո այս տարի կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաեւ “Հյուսիս-հարավ” երկաթուղու կառուցման ծրագրի ընթացքը, մասնավորապես տեղեկացնելով, որ երկաթուղու կառուցմամբ հետաքրքրված են Ասիական զարգացման բանկը, Չինաստանը, Ռուսաստանը: Սակայն, ըստ նախարարի, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի խոսել ֆինանսավորման աղբյուրների մասին:
Դեսպանն անդրադարձել է Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսով ուղեւորափոխադրումների քանակի ավելացմանը եւ անհրաժեշտ համարել ավելացնել երթուղիների քանակը: Նախարարն առաջարկել է միասին քննարկել այդ հարցը եւ անհարժեշտության դեպքում տալ դրական լուծում, ինչպես նաեւ ստորագրել կանոնավոր փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր:
Երկուստեք կարեւորել են նաեւ կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում արձանագրված հաջողությունները եւ քննարկել փոստի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` այդ թվում համատեղ նամականիշերի թողարկումը: