20/05/2010 12:38
Հակաճգնաժամային միջոցառումները տվել են դրական արդյունք
«Մեր տնտեսական թիմով փորձեցինք ամփոփել տնտեսության զարգացման արդյունքները և մեր հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, և դա ստիպում է մեզ վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թ. համար», - ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության նիստի բացման իր խոսքում։
Ըստ վարչապետի, արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային միջոցառումները տվել են դրական արդյունք, և տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում։
«Մենք պետք է հետևողական շարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ և ավելի շատ պետք է արդեն կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել»։
Վարչապետը կոչ արեց հետևողական լինել, այնուհետև ներկայացրեց օպերատիվ շտաբի կողմից աջակցություն ստացած «Բիոկաթ» ձեռնարկություն կատարած իր այցելությունը:
«Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի որոշմամբ մենք 120 միլիոն դրամ ենք տրամադրել այդ ձեռնարկությանը։ Արդյունքում այսօր այդ ձեռնարկությունում աշխատում է 40 հոգի, ձեռնարկությունը կայուն ձևով ձեռք է բերում գյուղացիական տնտեսություններից կաթ և արտադրում է որակյալ կաթնամթերք։ Մի կողմից` մենք ապահովում ենք կաթի կայուն գնում, մյուս կողմից` մրցակցություն կաթնամթերքների շուկայում, որովհետև «Բիոկաթ»-ի արտադրանքն իր որակային հատկանիշներով միանգամից զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում։ Նաև աշխատատեղերի աճ է տեղի ունենալու այդ ձեռնարկությունում։ Հետևողականություն նշանակում է, այն, որ ինչպես անցած տարի հայտարարեցինք` օպերատիվ շտաբի բոլոր որոշումները պետք է լինեն հրապարակային։
Դրանք տեղադրված են կառավարության կայքում, և մեր նպատակն է, որպեսզի հասարակությունը ևս հնարավորություն ունենա վերահսկելու` ինչպես են ծախսվում այս միջոցները և արդյոք ծառայում են իրենց բուն նպատակին, թե ոչ։ Եվ մենք պարբերաբար հետևողականորեն հաշվետվություն ենք տալու հասարակությանը, թե այդ միջոցներն ինչպես են ծախսվում, ինչպես են ծառայում իրենց բուն նպատակին։ Մենք չպետք է վախենանք այն պրոբլեմներից, որոնք առկա են, և եթե ինքներս ենք առաջին հերթին բացահայտելու պրոբլեմները, ապա ինքներս էլ բաց և թափանցիկ խոսելու ենք մեր բացթողումների, թերացումների մասին։ Բայց միևնույն ժամանակ պետք է հետևողական լինենք», - նշեց Տիգրան Սարգսյանը։