21/05/2010 14:16
Վաղը Տավուշում կբացվի Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը
Վաղը ՀՀ Տավուշի մարզում հանդիսավորությամբ կբացվի Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը: Միջոցառման պատվավոր հյուրն է Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, ինչպես նաև միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և այլոք:
Շուրջ 15 կմ երկարությամբ Հայ-ֆրանսիական բարեկամության անունը կրող ջրանցքի շնորհիվ, Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսահովիտ, Դիտավան համայնքների ավելի քան 600 հա հող կոռոգվի: Ջրանցքը վերակառուցվել և ընդլայնվել է նահանգի հատկացրած 500 հզ. եվրո դրամաշնորհով:
«Հիմնադրամի և Օ դը Սեն նահանգի համագործակցության շնորհիվ արդեն տարբեր կառույցներ ցանկություն են հայտնել համագործակցել «Հայաստան» հիմնադրամի հետ»,- լրագրողներին հայտնեց Ա. Վարդանյանը:
Նա համոզվածություն հայտնեց, որ այս համագործակցության շնորհիվ կապերն էլ ավելի կամրապնդվեն և ապագայում համագործակցությունը կշարունակվի: