21/05/2010 14:00
Օ դը Սենը 500 հզ. եվրո դրամաշնորհ կհատկացնի Տավուշին
Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգը «Հայաստան» հիմնադրամին ամեն տարի կտրամադրի 500 հզ. եվրո դրամաշնորհ` Տավուշի մարզում զարգացման ծրագրերի իրականացման համար: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:
«Մեր ընտրությունն ուղղորդվել է ՄԱԿ-ի կողմից արված հետազոտությունների արդյունքների հիման վրա և հաշվի են առնվել այն շրջանները, որտեղ թերսնում ավելի շատ կա: Մայրաքաղաքի ժողովուրդն ավելի բարձր զարգացման մակարդակ ունի, իսկ մայրաքաղաքից հեռու գտնվող մարզերն ավելի ծանր վիճակում են»,- ասաց Պ. Դևեջյանը:
Ըստ նրա, զարգացման ծրագրերի նպատակն է, որպեսզի մարզերի բնակիչներն` ընդգրկվելով ծրագրերի մեջ, հրաժարվեն երկրից արտագաղթելու մտադրությունից: Այս առումով Պ. Դևեջյանը կարևորեց հատկապես գյուղատնտեսության զարգացումը, որպեսզի մեծացվեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և ավելացվի մշակվող բուսատեսակների բազմազանությունը:
«Տեղական ասոցիացիայի ստեղծումը կհամախմբի գյուղացիներին և կնպաստի, որպեսզի ավելի շատ արտադրանք ապահովվի և զարգացումն առաջ գնա»,- նշեց Պ. Դևեջյանը:
Նահանգի կողմից արդեն իսկ տրամադրված 500 հզ. եվրո գումարով վերակառուցվել և ընդլայնվել է Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը, ինչպես նաև իրագործվել են Տավուշի 6 գյուղական համայնքների գյուղատնտեսական զարգացման տարբեր ծրագրեր, մասնավորապես, համայնքների գյուղատնտեսներին տրամադրվել են սերմացու և տնկիներ:
Ներկայումս հիմնադրամի Տավուշի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառու 6 համայնքների ցանկն ընդլայնվում է 8-ով: Հերթական դրամաշնորհի տրամադրման շուրջ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Նախատեսվում է, որ գումարը կուղղվի Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքի վերակառուցմանը և ընդլայնմանը, ինչպես նաև գյուղատնտեսական աջակցության նոր ծրագրերին, ինչպիսիք են տնկարանի, ջերմոցների և գյուղատնտեսական սարքավորման բազաների հիմնման նախագծերը: