24/05/2010 15:40
Գ.Բեգլարյան. Յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա մեկ կայանատեղի
Քաղաքաշինության ոլորտում նոր մոտեցումների համաձայն բազմաբնակարան շենքերի նախագծումների ժամանակ հաշվի է առնվելու, որ յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա մեկ կայանատեղի: Այս մասին Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղու բացման ժամանակ լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ նման նախաձեռնության նպատակն այն է, որ չծանրաբեռնվեն համաքաղաքային նշանակություն ունեցող փողոցները:
«Կայանատեղիների կառուցումը Երևանում պետք է շարունակվի, որովհետև մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում երեկոյան ժամերին Թումանյան, Տերյան և Սայաթ-Նովա փողոցներում: Ինձ թվում է, որ 60-70 տոկոսով այս փողոցները կբեռնաթափվեն», - ասաց նա Ազատության հրապարակի կայանատեղու բացման կապակցությամբ, նշելով, որ կառույցը շատ կարևոր է մայրաքաղաքի համար:
Քաղաքապետը նշեց, որ նոր կայանատեղիներ կառուցվելու են նաև Շառլ Ազնավուրի և Սախարովի հրապարակներում: «Լավ կլիներ, եթե նման ավտոկայանատեղի ունենայինք նաև Հանրապետության հրապարակում»,- ասաց նա:
Խոսելով վարձավճարների մասին, Գ.Բեգլարյանը հայտնեց, որ այսօր ՀՀ Կառավարությունը կայանատեղիների վերաբերյալ օրենքի նախագիծ ունի, որով վարձի չափն արդեն նշված է:
«Բոլոր եվրոպական քաղաքներում ավտոկանգառների խնդիրներ կան: Կառավարություն ենք ներկայացրել կայանատեղիների մասին օրենքի նախագիծ, որն այժմ շրջանառության մեջ է: Եթե Ազգային ժողովը մոտակա նստաշրջաններում այն հաստատի, նախ կավելանան բացօթյա կանգառներն ու ամեն պատահական մարդ գումար չի հավաքի, այլ կանգառներից հավաքված գումարները կուղղվեն Երևան քաղաքի բյուջե», - ասաց Երևանի քաղաքապետը, նշելով, որ այն լինելու է 100 դրամից 500 դրամի սահմաններում:
Գ.Բեգլարյանը նաև հայտնեց, որ Ազատության հրապարակի կայանատեղու վարձև դեռ կորոշվի` հաշվի առնելով բնակիչների գտնվելու վայրը:
«Լինելու են մեկ ժամյա, մեկ ամսվա, մեկ տարվա վճար, որպեսզի ավելի երկար ժամանակահատվածի համար քաղաքացիներն ավելի քիչ գումարով կարողանան վճարել ավտոկայանատեղին»,- ասաց քաղաքապետը, նշելով, որ հատուկ պայմաններ են լինելու հաշմնադամների համար:
«Ինձ թվում է, որ այն թերությունները, որոնք մենք հետագայում կտեսնենք այստեղ, մյուս կայանատեղիներում չեն լինելու»,- ասաց Գագիկ Բեգլարյանը, նշելով, որ այս ավտոկայանատեղին հնարավորություն կտա նաև ճիշտ հաշվարկել հեռանկարային այս կառույցների տարողունակությունը: