25/05/2010 17:15
Ա. Դավթյան. «Կոնֆերանսը լուծումներ գտնելու հույս է ներշնչում»
Հարավկովկասյան տարածաշրջանը հետխորհրդային այն տարածաշրջանն է, որտեղ երբևէ բուռն զարգացումների և հակամարտությունների պակաս չի զգացել: Այդ իսկ պատճառով ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարևորում է այսօր Երևանում մեկնարկած «Իրավիճակը Կովկասում և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ կոնֆերանսին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Վրաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Իրանից, Թուրքիայից և Կանադայից, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը վերջին պահին է հրաժարվել մասնակցությունից:
«Այս քննարկումները, որոնց մասնակցում են ինչպես փորձագետներ, այնպես էլ քաղաքական գործիչներ` տարածաշրջանի և այլ երկրներից, փաստորեն, լավագույն լուծումներ գտնելու հույս են ներշնչում` հաշվի առնելով նաև այն հանգնամանքը, որ այս մարդիկ առաջին տարին չէ, որ զբաղվում են Հարավկովկասյան տարածաշրջանով»,- ընդգծեց Ա. Դավթյանը, ով նշեց, որ «շատերը, չլինելով տարածաշրջանում և պատկերացում չունենալով դեպքերի մասին, այս կամ այն հայտարարություններով ու բանաձևերով փորձում են իրավիճակին լուծում տալ, սակայն ավելի են բարդացնում այն»:
Ըստ հանձնաժողովի նախագահի` նմանատիպ միջազգային կոնֆերանսները թույլ են տալիս նաև փորձագետների մակարդակով որոշակի լուծման բանալիներ ու ձևաչափեր առաջարկել: