25/05/2010 09:42
Իրանական ուրանի հարստացումը Թուրքիայում տեխնիկապես անհնարին է
Իրանական ուրանի հարստացումը երկրի սահմաններից դուրս, Իրանի առաջարկած պայմաններով տեխնիկապես անհնարին է: Այս մասին Ֆրանս-պրեսս գործակալությանը հայտնել է արևմտյան դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Համաձայն դիվանագետի, բանը կայանում է նրանում, որ Իրանը պահանջում է, որպեսզի հարստացված ուրանը երկիր վերադարձվի մեկ տարվա ընթացքում, այնինչ իրականում այդ գործընթացը մեկ ու կես տարուց պակաս չի տևի:
Դիվանագետը նշել է, որ Իրանի, Թուրքիայի և Բրազիլիայի միջև կնքված համաձայնագրով` իրանական կողմը, փաստորեն, կարող է հետ պահանջել իր ուրանը, եթե նշված ժամկետներում չստանա հարստացված միջուկային վառելիքը:
Հիշեցնենք, որ Իրանը, Թուրքիան և Բրազիլիան 2010 թ.-ի մայիսի 17-ին համաձայնագիր են կնքել, ըստ որի Իրանը կուղարկի իր 3,5 տոկոս հարստացված ուրանը Թուրքիա, որպեսզի ստանա 20 տոկոս հաստացված ուրան` 1:10 հարաբերակցությամբ: Միևնույն ժամանակ, համաձայնագրում ընդգծվում է, որ ուրանի փոխանակումը պետք է տեղի ունենա կարճ ժամանակահատվածում: