26/05/2010 09:57
Հայտնի է Եվրատեսիլում որոշ երկրների ելույթների հերթականությունը
Այս գիշեր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հայտնի դարձավ Եվրատեսիլ 2010-ի եզրափակիչ փուլում մի շարք երկրների ելույթների հերթականությունը:
Վիճակահանությամբ պարզվեց, որ երկրորդ համարի տակ ելույթ կունենա Իսպանիան, երրորդ` Նորվեգիան, իսկ չորրորդը ելույթ կունենա Մոլդովան:
Համաձայն Եվրատեսիլի պաշտոնական կայքի, Բոսնիան և Հերցեգովինան ստացավ 6-րդ համարը, Բելգիան` 7-ը, Սերբիան` 8-ը, Բելառուսը` 9-ը:
Հունաստանը, ըստ վիճակահանության արդյունքների, ելույթ կունենա 11 համարի տակ, Մեծ Բրիտանիան` 12, Ալբանիան` 15, Իսլանդիան` 16:
18-րդը ելույթ կունենա Ֆրանսիան, իսկ Ռուսաստանը` 20-րդը: Հատկանշական է, որ “Պյոտր Նալիչի երաժշտական կոլեկտիվը” ելույթ կունենա այն նույն համարի տակ, որը 2008-ին հաղթանակ բերեց Ռուսաստանին Եվրատեսիլում: Այն ժամանակ Ռուսաստանը Եվրատեսիլում ներկայացնում էր Դիմա Բիլանը:
Հայտնի է դարձել նաև, որ Գերմանիան Եվրատեսիլ 2010-ի եզրափակչում ելույթ կունենա 22 համարի տակ: Իսկ Պորտուգալիային բաժին է հասել համար 23-ը:
Ուրբաթ օրը այդ նույն բեմում կորոշվեն եզրափակչի ուղեգիր ստացած մյուս երկրները: Ելույթներով հանդես կգան Լիտվան, Հայաստանը, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդերլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը և Թուրքիան: Նույն օրը կորոշվի հաղթողների ելույթների հերթականությունը: