26/05/2010 11:05
Կոչ Թուրքիային` ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` ապահովելու ռուսաստանցիների` Թուրքիայում գտնվելու անվտանգությունը և բարձրացնելու զբոսաշրջության գործակալությունների պատասխանատվությունը` ռուսաստանյան զբոսաշրջիկների կյանքի ու առողջության համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ՌԴ արտգործնախարարությանը:
«Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել թուրքական հանգստյան գոտի Անթալիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես աղբյուրին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, Ս. Լավրովն ընդգծել է ռուսաստանյան կողմի պատրաստակամության մասին` «անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին և զոհվածների հարազատներին»:
Բացի այդ, նախարարները քննարկել են իրանական միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, տեսակետներ փոխանակել միջազգային այլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մի քանի հարցեր` կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ: