26/05/2010 17:20
Ս. Սարգսյան. ՀՀ-ն մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ պայմանագրի կնքում
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին:
Ինչպես հայտնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը, քննարկվել են Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առևտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաև հետևողական քայլեր է կատարել Եվրոպական Հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:
«Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ և ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում»,- ասել է Նախագահ Սարգսյանը: