29/05/2010 13:32
ՀՀԿ պատգամավոր. Ալիևի հայտարարությունները հիշեցնում են Հիտլերին
«Ալիևի նման հայտարարությունները ինքնանպատակ չեն: Ալիևը և այդ երկրի մնացած պետական գործիչներն Ադրբեջանի ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստում են պատերազմական գործողություններին», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Խորհրդի անդամ Համլետ Հարությունյանը` անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությանը:
Հ.Հարությունյանը գտնում է, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը նպաստում են ոչ միայն Թուրքիան, այլ նաև մի շարք արևմտյան երկրներ, ինչպես նաև` եվրոպական կառույցները:
«Նրանք Ալիևի այդ ռազմատենչ հայտարարությունները, ելնելով միջազգային նորմերի չափանիշներից, չեն համարում որպես ագրեսորի բացահայտ արտահայտություններ: Իր հերթին, Ալիևը ստուգում է միջազգային հանրության տրամադրությունը, թե հարձակման կամ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ինչպե՞ս կբնութագրեն այդ գործողությունները»,- ասաց Հարությունյանը և համեմատեց Ալիևին Հիտլերի հետ` հիշեցնելով երկրորդ աշխարհամարտի նախօրյակին նացիստական առաջնորդի ռազմատենչ հայտարարությունները:
ՀՀԿ Խորհրդի անդամը շեշտեց, որ հայկական կողմը միշտ հանդես է գալիս կառուցողական դիրքերից և առաջարկում հիմնահարցը միայն խաղաղ ճանապարհով լուծել, մինչդեռ Բաքուն անընդհատ հանդես է գալիս այնպիսի առաջարկություններով, որոնք ընդունելի չեն ոչ Երևանի, ոչ էլ Ստեփանակերտի համար:
Ըստ բանախոսի` Ղարաբաղյան գործընթացի արագացումը կամ դանդաղեցումը կախված չէ Հայաստանից, քանի որ հայկական կողմն արել է բոլոր հնարավոր քայլերը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
«Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքրոշումը դանդաղեցնում է հարցի արմատական լուծումը»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը կշարունակվի և կողմերը կգան խելամիտ որոշման:
«Պատերազմի միջոցով Ադրբեջանը չի կարողանալու լուծել Ղարաբաղյան հիմնահարցը: Հակատրամաբանական է, որ երբևիցե Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս: Չի՛ եղել, այսօր էլ չկա՛ ու վաղը չի լինելու: Հետևապես Ադրբեջանը իր սպառնալիքներով չի կարողանալու երբեք հասնել իր նպատակներին: Ղարաբաղի ժողովուրդը, որը բնիկ է այստեղ հազարամյակներ շարունակ միջազգային և մարդկային բոլոր օրենքներով իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը»,- ասաց Հ.Հարությունյանը: