31/05/2010 10:40
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1988 թ-ին այս օրը` մայիսի 31-ը, հայտարարել է Առանց ծխախոտի համաշխարհային օր: Նպատակն է եղել հասնել նրան, որ 21-րդ դարում ծխելու սովորույթը վերանա, մինչդեռ խնդիրն առկա է և նիկոտինի դեմ պայքարը շարունակվում է:
Այս տարի Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Սեռը և ծխախոտը` ուշադրություն դեպի կանայք» կարգախոսով: ՀՀ առողջապահության նախարարությունը միանում է վերոհիշյալ նախաձեռնությանը և իր աջակցությունը հայտնում ծխախոտի դեմ պայքարող բոլոր առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, 2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության (16 տարեկանից սկսած) 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, այդ թվում` տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20 տարեկանից բարձր) 57.7%ը ծխող է:
Ծխելու դեմ պայքարը մեր երկրի առողջապահության գերակա խնդիրներից է: Այս տարի ՀՀ կառավարությունը հաստատեց «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը», որը նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից:
Ինչպես տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից` գիտական փարձաքննությունները հաստատել են, որ նիկոտինը վնասում է ծխող մարդու գրեթե բոլոր օրգանները` սկսած շնչուղային, սիրտ-անոթային համակարգից, վերջացրած չարորակ ուռուցքների առաջացումը: Ծխելը վնասում է նաև օրգանիզմի վերարտադրողական և իմունային համակարգերը, պատճառ է հանդիսանում ռևմատիզմի և շաքարախտի առաջացման համար:
Ըստ վիճակագրության` աշխարհում ծխելուց տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան ավտո- և ինքնաթիռների վթարներից: