02/06/2010 11:27
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են
«Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին և քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի Նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով», - ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Դոնի Ռոստովում հայ համայնքի ներկայացուցիչների առջև:
Նախագահը մանրամասնել է, որ նկատի ունի, որ իր «թիկունքին են մեծանուն նորնախիջևանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը և շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար»:
«Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում և աշխատում են այստեղ և կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները», - ասել է ՀՀ նախագահը:
Հայաստանի ղեկավարի նշել է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և, համոզմունք է հայտնել, որ այդպես էլ շարունակվելու է:
«Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է և բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի` Ռուսաստանի և պատմական հայրենիքի` Հայաստանի միջև: Ավելին` կա փոխըմբռնման և փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար», - շեշտել է Սերժ Սարգսյանը:
«Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներում, որ մայր ցամաքում էլ դրանք լինեն, ես ականատես եմ լինում Հայաստանի ու հայության խնդիրների նկատմամբ մեծ հետաքրքրության ու սրտացավության: Որպես կանոն, ես լսում եմ նրանց մտահոգությունների և հայրենիքին սատարելու պատրաստակամության մասին», - ասել է ՀՀ նախագահը: