02/06/2010 16:21
ՄԱԿ-ի համաժողովում կներկայացվի Հայաստանի զեկույցը
Այս տարի նոյեմբերին Ժնևում կկայանա ՄԱԿ-ի համաժողովը, որի ընթացքում կներկայացվի Հայաստանում մրցակցության ոլորտի մասին զեկույցը: Այս նպատակով, ինչպես այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, Հայաստանում են ՄԱԿ փորձագետները:
«Մեզ համար շատ կարևոր է մրցակցության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ունենալ օբյեկտիվ պատկեր»,- ասաց նա:
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) ներկայացուցիչ Ուլա Շվագերը, ով մրցակցության և սպառողների քաղաքականության հարցերով բաժնի փորձագետ է, հայտնեց, որ զեկույցում մի շարք անդրադարձներ կարվեն մրցակցության իրավական ոլորտին, կիրարկմանը, ՏՄՊՊՀ համագործակցությանը այլ մարմինների հետ: Համաժողովում կներկայացվի նաև Հայաստանին տեխնիկական աջակցության համակողմանի ծրագիրը և կորոշվեն այն դոնորները, որոնք կկարողանան աջակցել ծրագրին:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի համաժողովում ներկա են լինելու UNCTAD անդամ պետությունների 300-400 պատվիրակներ:
Հավելենք, որ նման զեկույցներ ՄԱԿ-ի համաժողովում ներկայացվում են յուրաքանչյուր տարի մեկ երկրի մասին: Նախորդ տարի զեկույցը եղել է Թուրքիայի մասին: