03/06/2010 10:02
Պան Գի Մունը Իսրայելից մանրամասն տեղեկատվություն է պահանջում
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել իսրայելական իշխանություններին ամբողջական և մանրամասն տեղեկատվություն տրամադրել դեպի Գազա ուղևորվող «Ազատության նավախմբի» գրոհի վերաբերյալ: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, նա հայտնել է լրագրողներին ՄԱԿ գրասենյակում` տարբեր երկրների, այդ թվում` ԱԽ մշտական անդամների հնգյակի, Իսրայելի, Թուրքիայի և Պաղեստինի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրի ամբողջական տեղեկատվություն` նաև ձերբակալվածների, վիրավորների և զոհերի վերաբերյալ:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել, որ իսրայելական իշխանությունների կողմից ձերբակալվածներն արդեն վերադառնում են իրենց տները:
Միևնույն ժամանակ, Պան Գի Մունը կոչ է արել կողմերին այնպես գործել, որպեսզի ողբերգությունը չկրկնվի: Նա ասել է, որ տեղյակ է Գազա ուղևորվող ևս երկու նավի մասին, և հույս հայտնել, որ կողմերը զգուշորեն կգործեն:
Պան Գի Մունը նշել է, որ խորհրդակցություններ է անցկացնում ՄԱԿ ԱԽ հիմնական անդամների, ինչպես նաև Իսրայելի, Թուրքիայի և արաբական երկրների ներկայացուցիչների հետ` գտնելու միասնական լուծում, թե ինչպես պետք է ընթանա տեղի ունեցածի հետաքննությունը: Թուրքիան և արաբական երկրները պնդում են միջազգային հետաքննության անցկացման անհրաժեշտության վրա:
ՄԱԿ գխավոր քարտուղարը ևս մեկ անգամ կոչ է արել հանել Գազայի հատվածի շրջափակումը և հույս հայտնել, որ տեղի ունեցածը չի անդրադառնա պաղեստինաիսրայելական բանակցությունների վրա, որտեղ միջնորդի դերում հանդես են գալիս Միացյալ Նահանգները: